ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

…Այլապես վտանգված կլինեն 2017-ի խորհրդարանական ընտրությունները

…Այլապես վտանգված կլինեն 2017-ի խորհրդարանական ընտրությունները
19.02.2016 | 08:19

Հայ հանրության մեծ մասն այսօր բնավ չի կասկածում, որ 1995-ից ի վեր հանրապետությունում անցկացվող բոլոր տեսակի ընտրություններում (այդ թվում և` հանրաքվե) բազմաբնույթ, շարունակ «կատարելագործվող», «հնարամիտ» ընտրակեղծիքների սցենարի հեղինակը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) է` իր «արհեստավարժ» նախագահ(ներ)ով:

ԿԸՀ-ի նախագահը, ընտրությունների օրերին, ըստ էության, ստանձնում է նաև հանրապետության բոլոր տեղամասային, ինչպես նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների (ԸԸՀ) նախագահների և նրանց անդամների (թերևս, միայն «յուրայինների») պաշտպանի և նրանց անվտանգության երաշխավորի դերը, իհարկե, ոչ առանց իրավապահ մարմինների, թաղային «հեղինակությունների» և քրեական տարրերի անմիջական լուրջ աջակցության ու միջամտության: Նա ընտրական տեղամասերում ընտրակեղծիքների «բարեհաջող» իրականացման նպատակով ապահովում է «բարենպաստ» պայմաններ և «կարգ ու կանոն» (բիրտ ուժի գործադրումն արդարացնող), հատկապես արդար և օրինական ընտրություններ պահանջող դիտորդների` քաղաքացիական որոշակի ակտիվություն դրսևորողների նկատմամբ:
Ընտրակեղծիքների իրականացման գործում մեծ «ծառայություն» ունի հենց օրենսդիր իշխանությունն իր չափից ավելի հլու (խորհրդարանում մեծամասնություն կազմող) պատգամավորներով, ովքեր հաճախ, առանց հարցին իրազեկվելու, առավել ևս, առանց քննարկման, լուռ պատրաստակամությամբ, ցանկացած պահի պատրաստ են փոփոխություններ կատարելու Ընտրական օրենսգրքում, ինչի «շնորհիվ» նորանոր, էլ ավելի լայն (քողարկված, առաջին հայացքից` աննկատ) սողանցքեր են բացվում, հետագայում ընտրակեղծիքների ավելի դյուրին իրագործման համար:
Ի դեպ, կեղծիքների իրականացումից անմասն չեն նաև մեր երկրի նկատմամբ բավականին «բարյացակամ» տրամադրված եվրախորհրդատուները, որոնց համաձայնությամբ և հավանությամբ «բարեփոխվող» Ընտրական օրենսգիրքը ամեն (հերթական) անգամ ԱԺ-ից հեշտությամբ կյանքի ուղեգիր է ստանում:
Այսօր ամենևին էլ դժվար չէ կեղծել ընտրությունների արդյունքները, երբ շուրջ 2000 ընտրատեղամասերի հանձնաժողովներում ընդգրկված 15 հազար անդամների գրեթե 75-80 %-ը, լինելով իշխանության համակիր, բնականաբար, պատրաստ է ընտրություններում ակտիվ «պայքարելու» հօգուտ յուրային թեկնածուի:
Գաղտնիք չէ, որ ընտրակեղծիքների իրականացման պրակտիկայում ամենամեծ «ձեռքբերումը» քվեարկությանը տարբեր պատճառներով իրականում չմասնակցած (անգամ մահացած) քաղաքացիների ստվար մի զանգվածի անուն-ազգանունների հայտնվելն է քվեարկածների ցուցակներում, որոնց հրապարակումն ընտրություններից հետո, որքան էլ զարմանալի է, ներկայիս ԸՕ-ի համաձայն, չի թույլատրվում` գաղտնիության պատճառով: Ի՞նչ է ստացվում: Ըստ էության, քվեարկությանը չմասնակցած անձանց քվեներն անհրաժեշտ թեկնածուին հավելյալ կարող են «նվիրել» առնվազն 25-30 % ձայն: Իրողություն, ինչը շարունակ և «կանոնավոր» տեղի է ունենում մեր երկրում տարբեր ընտրությունների ընթացքում:
Ընտրակեղծիքների իրագործման երկրորդ, ոչ պակաս կարևոր և որոշիչ սողանցք է և այն, որ յուրաքանչյուր ընտրական տեղամասին հատկացվող անհրաժեշտ քանակի քվեաթերթիկները համարակալվում են ոչ թե ըստ տվյալ ընտրատարածքի և ընտրական տեղամասի հերթական համարների, այլ նախապես` տպարանում, քվեաթերթիկների ելունդի (անջատվող կտրոնի) վրա, թափանցիկ համարակալմամբ` 0000001-ից սկսած, ինչը բոլորովին և բացարձակապես (ինչպես փորձն է ցույց տվել) չի բացառել կամ փոքր-ինչ կանգնեցրել ընտրակեղծիքների «հաղթարշավը» (քվեարկած «անցանկալի» քվեաթերթիկների փոխարինումը` «ցանկալիներով», «լցոնումների» օգնությամբ և այլն):
Այսպիսով, 1995-ից ի վեր իշխանություններին, այնուամենայնիվ, հաջողվեց այն աստիճանի խեղաթյուրել, իմաստազրկել և ապականել ընտրությունների ինստիտուտը, ամենաթողության, զոռբայության, վախի, «առուծախի» այնպիսի մթնոլորտ ստեղծել ընտրությունների ժամանակ, որ մեր հասարակության գերակշիռ մասը լրիվ կորցրել է հավատը, դարձել անտարբեր բոլոր կարգի ընտրությունների նկատմամբ: Թերևս, հենց դա է պատճառը, որ ընտրություններին սեփական նախաձեռնությամբ մասնակցում է ընտրացուցակներում գրանցվածների 20-25 %-ը: Հանգամանք, ինչը հնարավորություն է ընձեռում ի հաշիվ քվեարկությանը չմասնակցած անձանց բանակի` «յուրային» ընտրողների օգնությամբ (անգամ առանց նրանց), «ապահովել» սեփական թեկնածուի «անհերքելի» հաղթանակը, զուգահեռ, ընտրություններին մասնակցածների թիվն արհեստականորեն հասցնել 55-60 %-ի:
Ներկայիս գործող ԸՕ-ում կա ևս մեկ օրենսդրույթ, որը թույլ է տալիս ընտրական տեղամասերում «կիսատ» մնացած ընտրակեղծիքներն «ավարտին» հասցնել ավելի «անվտանգ» և «ապահով» պայմաններում: Դա ընտրությունների կազմակերպման, անցկացման և քվեարկության արդյունքների ամփոփման եռաստիճան (փուլային) համակարգն է` իր ընտրական հանձնաժողովներով, որի միջանկյալ օղակը հանդիսանում են ԸԸՀ-ները: Տարիներ շարունակ հիշյալ կառույցը ընտրությունների ընթացքում չի առանձնացել ու չի փայլել իր կոչմանը հարիր դերակատարմամբ: Իմա` չի դրսևորվել որպես մյուս երկու հանձնաժողովները միմյանց կապող լուրջ օղակ: ԸԸՀ-ները մշտապես մնում են ստվերում, մեկուսացված ու աննկատ: Եվ զարմանալի չէ, որ նրանց աշխատանքները հիմնականում ընթանում են առանց բողոքների ու միջադեպերի: Թերևս, դա բացատրվում է նրանց գրասենյակների` հանրապետությունով մեկ «ցրվածությամբ»: Նրանք ունեն որոշիչ ևս մեկ «առավելություն»` քվեարկության արդյունքների ամփոփման համար տրամադրված ժամանակի մեծ «պաշար» և ապահով «պահ» (քվեարկության ավարտից հետո` 18 ժամ, այն էլ հիմնականում կեսգիշերին): Այստեղ է ահա, բոլորի «աչքից հեռու», տեղի ունենում ընտրական տեղամասերում արդեն իսկ իրագործված կեղծիքների կրկնապատկում կամ բազմապատկում:
Ինչպե՞ս և ովքե՞ր են վերահսկում ԸԸՀ-ներում ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքների ամփոփումը, արձանագրված տվյալների մուտքագրումը (աղյուսակավորումը) մեկ ընդհանուր ցուցակում, ապա նաև դրանց փոխանցումը ԿԸՀ` առանց «պատահական» կամ «ոչ միտումնավոր» սխալների ու վրիպակների: Սրանք հարցեր են, որոնց գրեթե անտեղյակ է մեր հանրությունը, իսկ եթե իրազեկ է, ապա մինչ օրս չունի դրանց պատասխանները:
Նշենք նաև, որ ԸԸՀ-ներն իրավասու են «ստուգելու ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ ստացած` արձանագրությունների կազմման վավերականությունը, իսկ թվաբանական սխալների առկայության դեպքում (ո՞նց հասկանալ դա- Գ.Ա.) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները` ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով» (ԸՕ, հոդված 73): Մյուս կողմից` նրանք ունեն բավարար քանակի «պահեստավորված» քվեաթերթիկներ, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում գործի դրվել` «լցոնումներ» կատարելիս: Թե ովքեր են հետևում, հսկում, և կանխում նման երևույթները, նույնպես հայտնի չէ մեր հանրության լայն զանգվածներին: Գուցե եվրադիտորդների՞ն է հայտնի, ովքեր կեսգիշերից հետո հետևում են ԸԸՀ-ների աշխատանքներին:
Չկասկածենք, հետագա ընտրություններում կբացառվեն լայնածավալ ընտրակեղծիքները, եթե
ա) հանրապետության բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներն անխտիր իրենց ընտրատեղամասի քվեարկության արդյունքները (բոլոր փաստաթղթերով) անմիջապես, առանց որևէ օղակի միջամտության ու հաշվետվության, անձամբ ներկայացնեն ԿԸՀ քվեարկության արդյունքների համընդհանուր, վերջնական հաշվառման ու ամփոփման համար:
բ) Եթե քվեաթերթիկները նախoրոք համարակալված լինեն ԿԸՀ-ում, ըստ տվյալ ընտրատարածքի և ընտրական տեղամասի հերթական համարների:
գ) Եթե քվեաթերթիկներն ունենան պաշտպանվածության աստիճան:
Իսկ ինչ վերաբերում է ընտրություններում քվեարկած անձանց ընտրացուցակների գաղտնազերծմանը, ապա հուսանք, որ տվյալ հարցը կլուծվի մինչև գալիք ընտրություններ, քանզի եվրադիտորդները ի վերջո «կռահեցին», նաև համոզվեցին, թե ինչ է տեղի ունենում մեր ընտրություններում և ինչպես են կեղծվում դրանց արդյունքները:
Ասել է` շատ թե քիչ քաղաքակիրթ, արդար և օրինական ընտրություններ անցկացնելու համար պետք է կտրականապես փակել վերը նշված ընտրակեղծիքների ճանապարհը: Այլապես վտանգված կլինեն 2017-ի խորհրդարանական ընտրությունները:


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 17730

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ